Print

Հունիս 17, 2010


21-րդ դարում իրավունք չունենք հետ մնալու համայն

աշխարհից

 

Ըստ «Յունիքոմփի»-ի տնօրենի` ՏՏ ոլորտի զարգացումը օրվա հրամայական է

 

 

Serzh Sargsyan handing the Award to Armen Baldryan

Հունգարիայում տեղի է ունեցել «Ինթել» կորպորացիայի հրավիրած՝ «Ինթել»–ի կրթական ալյանսի գագաթնաժողովը՝ նվիրված կրթական համակարգի արմատական բարեփոխմանը, նորօրյա պահանջներին այն լավագույնս համապատասխանեցնելուն, որոնցից, թերեւս, առանցքայինն է մեկ աշակերտ՝ մեկ համակարգիչ սկզբունքը։ Միջոցառմանը մասնակցած «Յունիքոմփ» ընկերության հիմնադիր տնօրեն, ՀՀ վարչապետին կից ՏՏ—ների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) անդամ, օրերս Անանիա Շիրակացու մեդալով պարգեւատրված Արմեն Բալդրյանի կարծիքով՝ դրա իրագործման լավագույն օրինակներից է Պորտուգալիան, որտեղ բոլոր աշակերտներին բաժանվել են համակարգիչներ՝ անվճար հիմունքներով։ Բազմաթիվ երկրներում կրթական համակարգն արագորեն փոխվում է, եւ այդ փոփոխությունները կապված են ոչ միայն ՏՏ—ների կիրառման ընդլայնման հետ, այլ նաեւ ավելի լայն, այսպես ասած՝ գլոբալ բնույթի են, քանի որ փոխվում է ուսուցման, հատկապես դպրոցական, ամբողջ հայեցակարգը։ Մասնավորապես, ուսուցման կենտրոնում այժմ ոչ այնքան ուսուցիչն է, կամ, նույնիսկ՝ գիտելիքները, որքան ինքը՝ աշակերտը։ Եվ ուսումնական գործընթացը դառնում է ավելի անհատական, քանի որ համակարգչի կիրառումը թույլ է տալիս ուսուցչին ավելի անհատականորեն մատուցել գիտելիքներ այս կամ այն աշակերտին։ Այստեղ շատ կարեւոր է, որ, այսպես կոչված, պաշտոնական դասագրքերից բացի, համակարգչի օգնությամբ, աշակերտը կարող է օգտվել ամենատարբեր աղբյուրներից, հիմնականում՝ ինտերնետի միջոցով։ Արմեն Բալդրյանի վկայությամբ՝ միջոցառման ընթացքում ընդգծվեց, որ համակարգչային ուսուցման մշակումը պետք է ունենա, այսպես կոչված, էրգոնոմիկ ուղղվածություն, այսինքն՝ պետք է հաշվի առնվեն երեխաների առողջության, ինչ—ինչ անցանկալի ինֆորմացիայի արգելափակման հետ կապված խնդիրները։ Եվ այս խնդիրները մշտապես «Ինթել»–ի ուշադրության կենտրոնում են՝ կորպորացիան ամենատարբեր կազմակերպություններին պատվիրում է հետազոտություններ, որոնք վերաբերում են երեխայի առողջության վրա համակարգչի բացասական ազդեցությունների բացառմանը։ Նման միջոցառումների շնորհիվ արդեն մոտ երկու տարի է, ինչ ձեւավորվել եւ գործում է, այսպես կոչված, էկոհամակարգ, որը հանրակրթական խնդիրների լուծման շուրջ միավորում է ամենատարբեր կազմակերպություններին, կառավարական կառույցներին եւ խոշոր ընկերություններին, ինչպիսին է, օրինակ, հենց նույն «Ինթել»–ը։

Իսկ որքանո՞վ է նման մոդելը կիրառելի Հայաստանի համար։ Արմեն Բալդրյանի խոսքերով. «Սա օրվա հրամայական է։ Մեզանում, չգիտես ինչու, այս հարցն անմիջապես տեղափոխվում է ֆինանսական հարթություն, սակայն կարծում եմ, որ ֆինանսական հարցերը լուծելի են։ Ամենակարեւորը հայեցակարգային հարցերի մշակումն է. մենք պարզապես իրավունք չունենք 21—րդ դարում հետ մնալու համայն աշխարհից»։

Վերջերս ՆԱՏՕ—ի եւ ՏՏ ոլորտի համաշխարհային մի այլ առաջատարի՝ «Cisco» ընկերության կողմից Իտալիայում կազմակերպվել էր ցանցային անվտանգությանը նվիրված գիտաժողով, որի կարեւորագույն հարցերից էին, ըստ դրան հայկական պատվիրակության կազմում մասնակցած Արմեն Բալդրյանի, այն, թե ինչպե՞ս անել, որ զարգացող երկրները եւս ունենան առավելագույն հասանելիություն համակարգչային ցանցերին եւ ինտերնետին, ինչպես նաեւ այդ ցանցերում ինֆորմացիայի անվտանգ պահպանումը։ Այդ գիտաժողովին զեկուցումով հանդես եկած ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի գործադիր տնօրեն Բագրատ Ենգիբարյանը հայտնել է, որ մոտ ապագայում ակնկալվում է, որ մեր երկրում ամեն բնակարանում կլինի 100 մեգաբիթ հզորությամբ համակարգչային ցանց։ Իսկ ՀՀ վարչապետին կից ՏՏ զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ)՝ օրերս կայացած նիստում հաստատվել են երկրում ՏՀՏ հասարակություն ձեւավորելուն ուղղված հայեցակարգը եւ երեք տարվա ժամանակացույցը։
Հունիսի 9—ից 10—ը Երեւանում տեղի կունենա արդեն ավանդական դարձած Դիջիտեք բիզնես—ֆորումը։ Դրա մշտական մասնակից «Յունիքոմփ» ընկերության հիմնադիր տնօրենի կարծիքով՝ այս միջոցառումը լավ հնարավորություն է ընձեռում ՏՏ ընկերություններին եւ դրանց հաճախորդներին՝ միմյանց ավելի լավ ճանաչելու, նորանոր արտադրատեսակներ եւ ծառայություններ ներկայացնելու առումով։ Ինչ վերաբերում է «Յունիքոմփ»–ին՝ Արմեն Բալդրյանի վկայությամբ, ընկերության գործունեության արագորեն զարգացող ուղղություններից է հեռահաղորդակցման ոլորտում գործող ընկերություններին ծառայությունների մատուցումը։ Այս ասպարեզում «Յունիքոմփ»–ը համագործակցում է համաշխարհային առաջատարի՝ «Cisco» ընկերության հետ։ Երկարատեւ համագործակցությունը «HTC» ընկերության հետ արտահայտվում է նորագույն կոմունիկատորների, կամ, այսպես կոչված, «smartphone»—ների ներկայացման ուղղությամբ։ «Աշխարհահռչակ մի այլ ընկերության՝ մեր երկարամյա գործընկեր «Հյուլեթ Պակարդ»–ի հետ համագործակցելով, զբաղվում ենք մի նոր ուղղությամբ՝ ծրագրային լուծումներով եւ ծառայություններով։ Արդեն սկսել ենք համագործակցել ինֆորմացիայի պահպանման շտեմարաններ (storages) եւ Էլ. կառավարման ասպարեզում ծրագրային լուծումների խոշորագույն արտադրող «EMC» ընկերության հետ»,–ասում է Արմեն Բալդրյանը։
Հ. Գ. Որպես ՀՀ նախագահի՝ ՏՏ ոլորտում համաշխարհային հեղինակություն մրցանակի ընտրական հանձնաժողովի անդամ՝ Ա. Բալդրյանը հիշեցրեց, որ այդ մրցանակին առաջինն արժանացած, ՏՏ ոլորտում լեգենդ համարվող Ինթել —ի նախկին նախագահ դոկտոր Քրեյգ Բարեթը Երեւանում ՀՀ նախագահից անձամբ կստանա պարգեւը։ Այս իրադարձությունը եւս մեկ անգամ կստիպի աշխարհին հիշել Հայաստանի մասին, նաեւ՝ կհանդիսանա խթան Հայաստանում ՏՏ, նաեւ՝ կրթական ոլորտի հետագա զարգացման համար։

 

Վահագն Սարգսյան

08-06-2010

Today's Poll

Your favorite brand







 
 
 

Connect


ISO